ՊՍԺ-ն որոշել է օգնել «Լիոնին», որը կանգնած է Ֆրանսիայի առաջնությունից դուրս մնալու վտանգի առաջ, չնայած ակումբի նախագահներ Նասեր Ալ-Խելաիֆիի և Ջոն Տեքստորի միջև բարդ հարաբերություններին։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ազգային վերահսկողության և կառավարման դեպարտամենտը (DNCG) որոշել է Ֆրանսիայի յոթակի չեմպիոնին ուղարկել Լիգա 2՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
RMC-ի տվյալներով՝ փարիզյան ակումբը որոշել է թիմի հարձակվող Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի մնացած մասը ժամանակից շուտ փոխանցել «Լիոնին»։ Ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 50 միլիոն եվրոյի դիմաց, ներառյալ բոնուսները։ Նման գումարները սովորաբար վճարվում են մաս-մաս՝ մի քանի տարվա ընթացքում։
Le Figaro-ն նշում է, որ սա կարող է օգնել «Լիոնին» պահպանել իր տեղը Լիգա 1-ում, բայց ակումբը ստիպված կլինի արագ գտնել եկամտի այլ աղբյուրներ։ DNCG-ի որոշման դեմ բողոքարկումը կքննարկվի առաջիկա շաբաթներին։