Մարկ վան Բոմմելը Լամին Յամալին համեմատել է Լիոնել Մեսսիի հետ

«Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկ վան Բոմմելը գնահատել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մակարդակը։

«Երբ Մեսսին միացավ «Բարսելոնայի» առաջին թիմին, նա այնքան շատ խաղեր չէր խաղում, որքան Յամալը հիմա։ Այնպես որ, եթե համեմատեք նրանց այս տարիքում, Յամալն ավելի լավն է։

Ամենադժվարը այս մակարդակը երկարաժամկետում պահպանելն է։ Մեսսին այս մակարդակի վրա է արդեն 20 տարի։ Սա բացառիկ է։ Եթե Յամալը ցանկանում է հասնել Մեսսիին գոլերի քանակով, ապա նա պետք է խփի ևս մոտ 500 գոլ։

Արդյո՞ք Յամալն այս պահին աշխարհի լավագույնն է։ Ոչ, դա այդպիսին չէ, բայց նա դրա ճանապարհին է։ Ես չեմ կարծում, որ կա որևէ ֆուտբոլիստ, որը առանձնանա մնացածից այս պահին, քանի որ կան շատ լավ ֆուտբոլիստներ», – ասել է վան Բոմելը Voetbalzone-ին։

Յամալը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում և «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկն է։