«Բարսելոնայի» նորեկ Ժոան Գարսիան կիսվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու իր տպավորություններով։
Հունիսի 18-ին «Բլաուգրանան» հայտարարեց, որ վճարել է 24-ամյա դարպասապահի հրաժարագնի կետը, որը հանդես էր գալիս «Էսպանյոլում»։
«Ես սպասում էի այս օրվան, և այն վերջապես եկավ։ Ես շատ ուրախ եմ։ Ես ուզում եմ շարունակել աճել որպես դարպասապահ և, իհարկե, շատ հաղթանակներ տանել, թիմի հետ հիանալի արդյունքների հասնել, այդ պատճառով էլ եկա։
Երիտասարդ թիմը, որն ունի այդքան լավ ֆուտբոլիստներ, շատ հետաքրքիր նախագիծ է։ Ես նաև բախտավոր եմ, որ ճանաչում եմ նրանցից մի քանիսին։ Այո, ես անհամբեր սպասում եմ աշխատանքի անցնելուն և նրանց հետ հանդիպելուն», – Գարսիայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
2024/25 մրցաշրջանում Գարսիան «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 51 գոլ և անառիկ պահելով դարպասը ութ խաղում։