Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատել Աշխարհի ակումբային առաջնության նոր՝ ընդլայնված ձևաչափով անցկացումը՝ այն համարելով կարևոր քայլ ֆուտբոլի գլոբալացման և երկրպագուների ներգրավման գործում։
«Շնորհակալություն եմ հայտնում ՖԻՖԱ-ին և DAZN-ին այս հիանալի նախաձեռնության համար։ Սա առաջին անգամն է, որ Աշխարհի ակումբային առաջնությունը անցկացվում է այսպիսի ընդգրկուն ձևաչափով, և մենք մեծ ոգևորությամբ ենք մասնակցում։ Սա այն մրցաշարն է, որի համար երկար տարիներ պայքարել ենք», – հայտարարել է Պերեսը։
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիաների ներգրավումը մրցաշարը դարձնում է առավել հասանելի՝ հատկապես երիտասարդների համար․ «Այս մրցաշարը հասանելի կլինի աշխարհով մեկ՝ անվճար հեռարձակման միջոցով։ Դա նշանակում է, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաները հնարավորություն կունենան դիտելու «Ռեալի» խաղերը։ Ֆուտբոլը փոխվելու է՝ խոշոր ակումբների և նորարարական տեխնոլոգիաների համագործակցությամբ»։
Աշխարհի ակումբային առաջնությունն այս տարի անցկացվում է ԱՄՆ-ում՝ հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցում է 32 թիմ՝ աշխարհի վեց ֆուտբոլային կոնֆեդերացիաներից։