Ժոան Լապորտան հորդորել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին նոր ակումբ գտնել

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ ապագայում կարող է լքել ակումբը։ Ինչպես հաղորդում է Don Balon-ը, ակումբի նախագահ Ժոան Լապորտան երկշաբաթյա վերջնաժամկետ է սահմանել ուրուգվայցի խաղացողի համար՝ հստակեցնելու իր ապագան։

Նշվում է, որ Լապորտան դժգոհ է պաշտպանին շրջապատող շարունակական անորոշությունից և պահանջել է, որ Արաուխոն այդ ժամանակահատվածում գտնի նոր ակումբ։ Հակառակ դեպքում՝ ֆուտբոլիստը կարող է կորցնել խաղաժամանակը և դուրս մնալ թիմի պլաններից։

Ակումբի ղեկավարությունը վստահ է՝ Արաուխոն այլևս չի դիտարկվում որպես առաջիկա մրցաշրջանի նախագծի առանցքային մաս։ Վերջին ամիսների ոչ կայուն ելույթները, ըստ աղբյուրի, հիասթափեցրել են ինչպես մարզչական շտաբին, այնպես էլ ղեկավարությանը։

«Բարսան» մտադիր է վաճառել Արաուխոյին՝ ազատելով աշխատավարձային բյուջեում տեղ և ստանալով մոտ 60 միլիոն եվրո ֆինանսական փոխհատուցում, չնայած ավելի վաղ խաղացողի շուկայական արժեքը գնահատվում էր շուրջ 80 միլիոն եվրո։