Հայտնի են ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները։ Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը», պարզել են իրենց հնարավոր մրցակիցներին ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ որակավորման փուլում։
«Ուրարտու» – «Դունայսկա Ստրեդա» (Սլովակիա)
«Ուրարտուն» առաջին փուլում Բելառուսի «Նեմանի» նկատմամբ հաջողության հասնելու դեպքում հնարավորություն կստանա մրցելու Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ։ Երկխաղյա դիմակայության առաջին հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին՝ Սլովակիայում, իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին՝ Երևանում։
«Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Երևանյան «Արարատ-Արմենիան», որը մեկնարկում է մրցաշարի երկրորդ փուլից, կփորձի հաղթահարել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը։ Առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 24-ին՝ Հայաստանում, իսկ պատասխանը՝ հուլիսի 31-ին՝ Ռումինիայում։
«Փյունիկ» – «Դյոր» (Հունգարիա)
«Փյունիկը» մրցաշրջանը կսկսի առաջին փուլից, որտեղ պետք է մրցի Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ։ Հաղթելու դեպքում երևանյան թիմը դուրս կգա երկրորդ փուլ, որտեղ մրցակից կլինի հունգարական «Դյորը»։ Հանդիպումների օրերն արդեն հայտնի են՝ հուլիսի 24-ին և 31-ին։