Դիեգո Սիմեոնե. «Հարավամերիկյան և եվրոպական ֆուտբոլային ոճերը շատ տարբեր են միմյանցից»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ մադրիդյան ակումբը կանի ամեն ինչ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար։

«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում ներկայացնել Իսպանիան և «Ատլետիկո Մադրիդը» Աշխարհի ակումբային առաջնությունում, և մենք կանենք ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Այն շատ նման կլինի Աշխարհի առաջնությանը, բայց ակումբային թիմերով:

Հարավամերիկյան և եվրոպական ֆուտբոլային ոճերը շատ տարբեր են միմյանցից, ինչը այն կդարձնի հետաքրքիր և դիտարժան, հատկապես այն երկրպագուների համար, ովքեր սովոր չեն տեսնել այս ակումբների խաղը:

Հուսով եմ, որ սա կլինի անմոռանալի փորձառություն, որը բոլորը կարող են վայելել», – մարզչի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում «Ատլետիկոն» կմրցի ՊՍԺ-ի, «Սիեթլ Սաունդերսի» և «Բոտաֆոգոյի» դեմ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: