Պեպ Գվարդիոլա․ ««Բարսելոնայում» կամ «Ռեալում» ինձ կհեռացնեին դրա համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի և Իսպանիայի ֆուտբոլային միջավայրերում մարզիչների հանդեպ վստահության մակարդակին՝ ընդգծելով երկուսի տարբերությունները։

DAZN-ին տված հարցազրույցում նա նշել է.

«Ես միշտ կարողացել եմ իրավիճակը փոխել, երբ դրանք լավ չեն ընթանում, բայց այս տարի չկարողացա դա անել։ Եթե ես նման մրցաշրջան ունենայի Իսպանիայում, հոկտեմբերին, նոյեմբերին կամ դեկտեմբերին արդեն չէի լինի գլխավոր մարզիչ։ Եթե դա «Բարսելոնան» կամ «Ռեալը» լինեին, ինձ կհեռացնեին։ Այստեղ (Անգլիայում) դա նույնիսկ քննարկման թեմա չէ»:

Գվարդիոլան ընդգծել է նաև, որ անգլիական ֆուտբոլում կա ավելի մեծ համբերություն մարզիչների նկատմամբ՝ ի տարբերություն Իսպանիայի, որտեղ անհաջող արդյունքներն անմիջապես կարող են հանգեցնել պաշտոնանկության։

Նա որպես օրինակ բերեց Կառլո Անչելոտտիին, որը, լինելով հաջողակ մարզիչ «Ռեալում», այժմ գլխավորելու է Բրազիլիայի ազգային հավաքականը։