Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Ալ-Նասրում» տեսնել արգենտինացի հարձակվողին

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է «Ալ-Նասրի» ղեկավարությանը՝ առաջարկելով նոր տրանսֆերային թիրախ։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, Սաուդյան ակումբը, Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, այժմ կենտրոնացել է Ալեխանդրո Գառնաչոյի վրա՝ Ռոնալդուի առաջարկով։

20-ամյա արգենտինացին փայլել է 2023/24 մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացնելով 58 հանդիպում, խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։

Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո։

Հնարավոր տրանսֆերը դեռևս շատ վաղ փուլում է, և առայժմ պարզ չէ՝ արդյոք անգլիական ակումբը պատրաստ կլինի բաժանվել տաղանդավոր հարձակվողից։