Լերոյ Սանեն կհեռանա «Բավարիայից»

Լերոյ Սանեն հեռանում է Մյունխենի «Բավարիայից»՝ չհասնելով համաձայնության ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Գերմանացի վինգերը շարունակելու է կարիերան Թուրքիայում։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է տրանսֆերը՝ նշելով, որ Սանեն երեք տարվա պայմանագիր է կնքել ստամբուլյան ակումբի հետ։ Մոտ օրերս նա կմեկնի Թուրքիա՝ բժշկական զննում անցնելու և վերջնական պայմանագիրը ստորագրելու համար։

Այս տրանսֆերից ակնկալիքներ ունի նաև «Գալաթասարայը», որը հույս ունի, որ Սանեի միանալը կհամոզի Վիկտոր Օսիմհենին մնալ թիմում։ Նիգերիացի հարձակվողին ակումբը առաջարկել է ռեկորդային պայմանագիր։