Ըստ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Էմպոլիի» պաշտպան Լուկա Մարիանուչին շուտով կդառնա Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» խաղացող։ Երեքշաբթի օրը ֆուտբոլիստը պետք է բժշկական զննում անցնի, ապա հնգամյա պայմանագիր կնքի նեապոլիտանական ակումբի հետ։
2024/2025 մրցաշրջանում Լուկա Մարիանուչին խաղացել է 24 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Պաշտպանի ջանքերին չնայած՝ «Էմպոլին» 31 միավորով զբաղեցրել է Սերիա Ա-ի 18-րդ տեղը և դուրս մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Մինչդեռ «Նապոլին» մրցաշրջանն ավարտել է Իտալիայի չեմպիոնի կոչումով՝ վաստակելով 82 միավոր, ինչը ակումբի պատմության մեջ արդեն չորրորդ չեմպիոնական գավաթն է։