Լոնդոնի «Չելսին» առաջին քայլն է կատարել դարպասապահական գիծը ամրապնդելու ուղղությամբ. ակումբը բանակցություններ է սկսել «Միլանի» հետ ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերի շուրջ:
Այս մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նրա խոսքով՝ Մենյանը վաղուց է եղել «Ազնվականների» առաջնահերթ նպատակներից մեկը և առաջինն է նրանց ցուցակում: Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը համարվում է իդեալական թեկնածու՝ նոր մրցաշրջանից առաջ դարպասապահի դիրքն ամրապնդելու համար:
2024/2025 մրցաշրջանում 29-ամյա Մենյանը «Միլանի» կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ դրանցից 15-ում անառիկ պահելով դարպասը: Ընդհանուր առմամբ, նա բաց է թողել 59 գոլ, և նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 25 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։