Լուիս Էնրիկեն՝ «Ինտերի» դեմ հանդիպման մասին

Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչին՝  ՊՍԺ – «Ինտերի» հանդիպմանը։ Այն կմեկնարկի 23:00-ին։

«Կարծում եմ՝ մենք իսկապես բախտավոր ենք, որ հնարավորություն ունենք մասնակցելու ակումբային ֆուտբոլի ամենակարևոր խաղին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Մենք մրցելու ենք շատ ուժեղ մրցակցի դեմ, և պետք է կարողանանք լիարժեք վայելել այս բացառիկ պահը։

«Ինտերը» տարբերվում է շատ այլ թիմերից, քանի որ խաղադաշտ դուրս է գալիս երկու դասական հարձակվողներով՝ Մարկուս Թյուրամ և Լաուտարո Մարտինես։ Մեր նպատակը նույնն է, ինչ միշտ՝ լավ նախապատրաստվել խաղին և լինել լավագույն թիմը։ Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ վերահսկում ես խաղը, գնդակն ու ռիթմը. այլ տարբերակ ուղղակի չկա։

Իհարկե, մենք գիտակցում ենք, որ մրցակիցը շատ լավ է գործում նաև պրեսինգում։ Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի նրանց դժվարություն ստեղծենք։ Մենք ունենք մեր ֆուտբոլային ոճը, իսկ նրանք՝ իրենցը, և այս հանդիպման ելքը որոշելու է մեր հարմարվողականությունն ու պահեստային մարտավարական պլանների արդյունավետությունը»,- ասել է Էնրիկեն Sky Sport-ին։