Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նույնիսկ նման տաղանդ ունեցող ֆուտբոլիստները պետք է քրտնաջան աշխատեն»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական թիմի 17-ամյա հարձակվող Լամինե Յամալի հեռանկարների մասին։

«Լամինը հանճար է, նա ընդամենը 17 տարեկան է։ Կարծում եմ՝ մենք պետք է օգնենք նրան։ Հուսով եմ՝ նա ինքն էլ է դա ուզում, որպեսզի մենք կարողանանք հոգ տանել նրա մասին։ Նա դեռ երիտասարդ է, հիմա ամեն ինչ հեշտ է թվում։ Բայց դա միայն այդպես է թվում, իրականում՝ այդպես չէ։

Եթե ուզում ես խաղալ ամենաբարձր մակարդակով հաջորդ 15 տարիների ընթացքում, պետք է լավ մարզվես և հոգեբանորեն պատրաստ լինես՝ սա է բանալին։ Յամալը խելացի է, նա հասկանում է դա։ Խոսքը միայն հաճույքի մասին չէ՝ պետք է քրտնաջան աշխատել։ Նույնիսկ նման տաղանդ ունեցող ֆուտբոլիստները պետք է քրտնաջան աշխատեն», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Յամալը «Բարսելոնայի» երիտասարդական թիմի սան է։ 2024/2025 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։

Մայիսի 28-ին Յամալը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականը։