ՖԻՖԱ-ն Բրազիլայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF) հայտնել է, որ անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն՝ կապված Կառլո Անչելոտտիի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման գործընթացում հնարավոր կանոնախախտման հետ։ Ինչպես նշում է Ge.Globo-ն, հարցադրումները վերաբերվում են հատկապես Դիեգո Ֆերնանդեսի մասնակցությանը։
Ըստ աղբյուրի՝ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածում է, որ Դիեգո Ֆերնանդեսը, ով վերջին օրերին ուղեկցել է Անչելոտտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը և պաշտոնական ներկայացումը, կարող է առանց պատշաճ գրանցման հանդես գալ որպես ֆուտբոլային գործակալ կամ միջնորդ։
ՖԻՖԱ-ն պաշտոնապես պահանջել է CBF-ից ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝
Դիեգո Ֆերնանդեսի պաշտոնական կոնտակտային տվյալները, Անչելոտտիի պայմանագրի ստորագրման գործընթացում նրա դերի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն, նամակագրություն կամ փաստաթղթային հղումներ, որոնք առնչվում են պայմանագրին և Դիեգո Ֆերնանդեսին, վճարումների վերաբերյալ փաստաթղթեր, եթե այդպիսին կան։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Կառլո Անչելոտտին նշանակվել էր Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։