Հայտնի է` երբ Խաբի Ալոնսոն կներկայացվի որպես «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն որպես «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ կներկայացվի երկուշաբթի՝ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 14:30-ին։ Այս մասին հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

Ալոնսոն «Ռեալի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Խաբին այս պաշտոնում կփոխարինի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին։

Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալի» կազմում։ Նա մադրիդյան ակումբի կազմում խաղացել է 2009-2014 թվականներին։

Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 236 խաղի, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։