Իվան Ռակիտիչը խոսել է Լամին Յամալի պարելու և ակնոց կրելու մասին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը խոսել է թիմի ներկայիս աստղ Լամին Յամալի մասին։ 17-ամյա հարձակվողը հիանալի մրցաշրջան է անցկացրել և դարձել է ֆուտբոլի ամենաշատ քննարկվող կերպարներից մեկը։

Խորվաթի խոսքով՝ «Բլաուգրանայի» աստղին պետք է թույլ տրվի գնալ իր սեփական ճանապարհով՝ առանց որևէ սահմանափակման։

«Յամալը պետք է գրի իր սեփական պատմությունը, և ես գիտեմ, որ դա կանի։ Թող նա վայելի իրեն, թող պարի դաշտում, ինչպես հիմա է անում։ Մենք նույնպես պետք է վայելենք նրա խաղը դիտելը։

Նա իր ժառանգությունը կթողնի ֆուտբոլում։ Թող պարի և ակնոց կրի հաղթանակներից հետո, նա արժանի է դրան», – Ռակիտիչի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։

Լա Լիգայի վերջին տուրում «Բարսելոնան» կիրակի օրը կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։