Ջուդ Բելինգհեմը վիրահատության կենթարկվի

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կենթարկվի ուսի վիրահատության աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը անհարմարություններ է զգում 2023 թվականի նոյեմբերից՝ խաղալով վիրակապով։

Ըստ The Athletic-ի՝ վիրահատությունը նախատեսված է մրցաշարից հետո, որը տեղի կունենա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում։ Խմբային փուլում «Ռեալը» կմրցի «Ալ-Հիլալի», «Պաչուկայի» և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ (H խումբ)։

Աղբյուրի տվյալներով՝ վիրահատությունից հետո վերականգնումը կարող է տևել մոտ 12 շաբաթ։ Հետևաբար, Բելինգհեմը, հավանաբար, բաց կթողնի Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։