Տեյանի Ռեյնդերսն ընտրություն է կատարել «Ռեալ Մադրիդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև

«Միլանի» 26-ամյա կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը որոշել է, թե ամառային պատուհանի ընթացքում որ ակումբի հրավերը կընդունի։ Sky Sport France-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը հստակ ազդանշան է տվել իր գործակալական անձնակազմին՝ նա ցանկանում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիում»։

Չնայած «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությանը, Ռեյնդերսը երազում է աշխատել Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։ Աղբյուրը շեշտում է, որ հոլանդացին ոգեշնչված է Պեպի թիմերի խաղաոճով. նա մանկուց հիացել է «Բարսելոնայի» տիկի-տակայով և կարծում է, որ Մանչեսթերն իրեն իդեալական միջավայր է առաջարկում հետագա զարգացման համար։

Հաղորդվում է, որ «Սիթին» արդեն առաջին քայլերն է ձեռնարկել, կողմերը նախնական համաձայնության են եկել անձնական պայմանագրի շուրջ։ Այս մրցաշրջանում Ռեյնդերսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 50 միլիոն եվրո։