Լեոնարդո Բոնուչի. «Մի օր երազանքս կլինի դառնալ «Յուվենտուսի» կամ Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ»

«Յուվենտուսի» նախկին պաշտպան, այժմ Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական Լեոնարդո Բոնուչին խոսել է մարզչական կարիերայում իր նպատակների մասին։

«Գաղափարն այն է, որ հնարավորինս շուտ թոփ մարզիչ դառնամ։ Իմ նպատակն է մարզել մեծ ակումբ, բայց դրան հասնել քայլ առ քայլ։ Ակնհայտ է, որ պարտականությունները տարբեր կլինեն ֆուտբոլիստի կարգավիճակում ունեցածներից։

Մի օր երազանքս կլինի դառնալ «Յուվենտուսի» կամ Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ։ Դուք միշտ ձգտում եք լավագույնին, այնպես չէ՞։ Բոլորը գիտեն, որ ես միշտ եղել եմ «Յուվենտուսի» երկրպագու, և ինձ համար սա ամենաբարձր նպատակասլացությունն է։

Այսօր ես վայելում եմ Մ20 հավաքականի հետ անցած ճանապարհը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ է ինձ համար պահում ապագան», – Բոնուչիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։