Հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, հավանաբար, այս ամռանը «Բայերից» կտեղափոխվի ավելի հեղինակավոր եվրոպական ակումբ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը» և «Լիվերպուլը»։
Գերմանական Sky-ի տվյալներով՝ «Բայերը» դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Վիրցի համար։ Եթե «Բավարիան» խաղացողի համար առաջարկի 100 միլիոն եվրո, ինչպես հաղորդվում է մամուլում, այդ առաջարկը անմիջապես կմերժվի։ Նշվում է, որ «Բայերը» ցանկանում է հաջորդ շաբաթ Վիրցից լսել կոնկրետ պատասխան՝ մնալու է նա, թե՞ հեռանալու։ Աղբյուրը նաև ընդգծում է, որ «Ռեալը» լրջորեն կմտնի մրցավազքի մեջ, եթե մինչ այդ Ռոդրիգոյին կարողանան վաճառել։