Կառլո Անչելոտտի․ «Ես լքում եմ «Ռեալ Մադրիդը» հանգստությամբ և խաղաղությամբ»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 36-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1), խոսել է թիմի ղեկին անցկացրած վերջին խաղերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ամեն անգամ, երբ նստում եմ «Սանտիագո Բեռնաբեուի» պահեստայինների նստարանին, դա յուրահատուկ պահ է ինձ համար։ Բայց ես հեռանում եմ հանգստությամբ և խաղաղությամբ, քանի որ արել եմ այն, ինչ կարող էի, իմ թիմերը փորձում են հաղթել մինչև վերջին րոպեն, ինչպես մենք անում ենք «Ռեալ Մադրիդում»», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ը։

«Ռեալ Մադրիդը» ունի 78 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատար «Բարսելոնայի» հետ տարբերությունը 4 միավոր է, բայց կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել։