Ռուբեն Ամորիմ․ «Այստեղ դու զգում ես, որ առանց Չեմպիոնների Լիգայի չես կարող ապագա կառուցել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հստակեցրել է, որ թիմի համար գլխավոր խնդիրը մնում է Չեմպիոնների Լիգա վերադառնալը, այլ ոչ թե Եվրոպա Լիգայում հնարավոր հաղթանակը։

«Չեմպիոնների Լիգան մեր ուշադրության կենտրոնում է։ Ամեն ինչ կարևոր է՝ մարզական աճը, հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելը, ակումբի կարգավիճակը։ Մեզ համար միայն Եվրոպա Լիգայում հաղթելը բավարար չէ։

Այստեղ դու զգում ես, որ առանց Չեմպիոնների Լիգայի չես կարող ապագա կառուցել։ Հետևաբար, հենց այս մրցաշարն է ամենակարևորը, այլ ոչ թե չեմպիոնական տիտղոսը կամ գավաթը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում 39 միավորով զբաղեցնում է ընդամենը 16-րդ տեղը։ Այնուամենայնիվ, թիմը դեռ հնարավորություն ունի որակավորվելու Եվրոպայի գլխավոր գավաթի խաղարկությանը՝ հաղթելով Եվրոպա Լիգան, որտեղ մայիսի 21-ին եզրափակչում կհանդիպի «Թոթենհեմի» հետ։