Թոմաս Մյուլլեր․ «Ամենից շատ կկարոտեմ այս մարզադաշտում գոլ խփելու զգացողությունը»

Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» տանը հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (2-0)։ Մյունխենյան թիմի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը իր վերջին տնային հանդիպումը անցկացրեց «Բավարիայի» կազմում։

Հանդիպումից առաջ մյունխենյան թիմը կազմակերպել էր Թոմաս Մյուլլերի պատվին նվիրված հրաժեշտի միջոցառում։ Գերմանացի ֆուտբոլիստը ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»։

«Մենք գիտեինք, որ այս օրը մի օր կգա։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք տիտղոսը վերադարձնել Մյունխեն։ Ես կկարոտեմ ձեզ, բայց մենք կարող ենք նաև լավատեսությամբ նայել ապագային։ Ես տեսնում եմ շատ երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր իրենց սիրտը նվիրում են «Բավարիային»։

Ամենից շատ կկարոտեմ այս մարզադաշտում գոլ խփելու զգացողությունը։ Այն ոչնչի հետ չի կարելի համեմատել։ Երբ նայում եմ մարզադաշտին, այն միշտ լիքն է՝ անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում, չորեքշաբթի է, թե շաբաթ, անձրև է, թե ձյուն։

Ամբողջ աշխարհը նախանձում է մեզ ֆուտբոլի այս տաճարի համար, և դուք եք, որ այն դարձնում եք այդպիսին։ Սա դժվար պահ է շատերի համար, այդ թվում՝ ինձ համար, բայց նաև հրաշալի», – Մյուլլերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2007 թվականից։ Թիմի հետ միասին նա 13 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, վեց անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, ութ անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։