«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դեռ կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, քանի որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի և իտալացի մարզչի միջև դեռևս որոշակի պայմանավորվածություններ կան։
Այս մասին հայտնում է բրազիլական Folha de S.Paulo պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա իտալացու և Բրազիլիայի հավաքականի ղեկավարների միջև համաձայնեցված պայմանները ներառում են տարեկան ռեկորդային 9 միլիոն եվրո աշխատավարձ, որը կբարձրանա մինչև 11 միլիոն եվրո, եթե հնգակի չեմպիոնները հասնեն 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Անչելոտտին նաև խնդրել է Բրազիլիայում տան վարձավճար և իր համար կյանքի ապահովագրություն։
Նշվում է, որ ապահովագրությունը Կառլո Անչելոտտիի պայմանագրի հիմնական պայմաններից մեկն է՝ կապված այն մտավախությունների հետ, որ նրան կարող են թալանել նոր երկրում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետի «Ռեալ Մադրիդից» հեռանալու վերաբերյալ որոշումն արդեն կայացված է, և պաշտոնական հայտարարությունը կլինի Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո։