Կևին դե Բրույնեն կարող է մնալ «Մանչեսթեր Սիթիում»

Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատրաստ է մնալ «Մանչեսթեր Սիթիում»։ Ինչպես հաղորդում է Give Me Sport-ը, Դե Բրույնեն պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Քաղաքայինների» հետ, եթե ակումբը փոխի իր միտքը և որոշի պահել նրան։

Դե Բրույնեն նախկինում հայտարարել էր 2024/2025 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Միաժամանակ, բելգիացի ֆուտբոլիստը հասկացրել էր, որ հենց ակումբն է որոշում կայացրել չերկարաձգել աշխատանքային պայմանագիրը։

Կևին դե Բրույնեն հունիսին կդառնա 34 տարեկան։ Փորձառու ֆուտբոլիստը վերջերս խոսել է բարձր մակարդակով ելույթները շարունակելու իր ցանկության մասին։ Ընդհանուր առմամբ, Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 418 խաղ, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում թիմակիցներին։