Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Դավիդ Ալաբայի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ըստ ամենայնի, կլքի ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «արքայական ակումբը» պատրաստվում է բաժանվել 32-ամյա խաղացողից՝ պատճառաբանելով նրա հաճախակի վնասվածքներն ու բարձր աշխատավարձը։ Նշվում է նաև, որ ակումբը փորձում է նվազեցնել աշխատավարձերի ընդհանուր բեռը, և Ալաբայի հնարավոր հեռացումը կարող է այդ հարցում օգտակար լինել։ Այժմ ավստրիացին տարեկան վաստակում է մոտ 22.5 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ալաբան «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 14 հանդիպման։ Նրա պայմանագրի վավերականությունը գործում է մինչև 2026 թվականի հունիս։