«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոստովանել է, որ դեռ չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան անգլիական թիմից հեռանալուց հետո։
«Չգիտեմ, ցավոք սրտի։ Կարծում եմ՝ ապացուցել եմ, որ կարող եմ շարունակել խաղալ, հակառակ դեպքում չէի անի այն ամենը, ինչ ցույց եմ տվել վերջին մեկ ամսվա ընթացքում», – բելգիացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին 33-ամյա բելգիացին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, որից հետո նա կդառնա ազատ գործակալ։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» իր ավագին առաջարկել էր մեկ մրցաշրջանով նոր պայմանագիր, սակայն աշխատավարձի զգալի կրճատմամբ։
Դե Բրույնեն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 36 խաղ բոլոր մրցաշարերում, դառնալով՝ վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 27 միլիոն եվրո։