Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է մրցավարներ Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեային և Գոնսալես Ֆուերտեսին որակազրկելու տարբերակը. Նախատեսված է, որ հենց նրանք պետք է սպասարկեին եզրափակիչ «Էլ-Կլասիկոն», որ կայանալու է վաղը՝ ապրիլի 26-ին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կարող են որակազրկվել խաղից առաջ մամուլի ասուլիսում նրանց արած հայտարարությունների պատճառով։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը քննադատել էր Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի աշխատանքը, որը նշանակվել է «Բարսելոնայի» հետ խաղի գլխավոր մրցավար։
Խաղից առաջ մամուլի ասուլիսում այս մասին խոսելիս Բենգոեչեան չէր կարողացել զսպել արցունքները։
Հաղորդվում էր, որ «Լոս Բլանկոսը» դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, և խնդրել հեռացնել մրցավարներին մամուլի ասուլիսում արված հայտարարությունների համար, սակայն RFEF-ը մերժել էր իսպանական գրանդի խնդրանքը։