Մադրիդի «Ռեալը» քննարկում է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը «Բարսելոնայի» դեմ բոյկոտելու հնարավորությունը, որը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, հաղորդում է El Mundo-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մադրիդյան թիմը հրաժարվել է մասնակցել «կապտանռնագույնների» հետ խաղից առաջ կայանալիք մամուլի ասուլիսին, ինչպես նաև լուսանկարահանմանը և ընթրիքին։ Բացի այդ, «Ռեալը» չի անցկացնի խաղից առաջ մարզում։
Ըստ աղբյուրի՝ եթե Մադրիդի «Ռեալը» հրաժարվի մասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակիչին, ապա թիմը տեխնիկական պարտություն կկրի։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ «Արքայական» ակումբը այսպիսով իր բողոքն է հայտնում Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի նշանակված մրցավարների դեմ։ Ավելի վաղ «Լոս Բլանկոսը» դիմել էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային (RFEF)՝ խնդրելով հեռացնել այն մրցավարներին, որոնք բացասաբար էին արտահայտվել «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսության մասին՝ նրանց աշխատանքը քննադատելուց հետո։ Ընդգծվել է, որ RFEF-ը մերժել է իսպանական գրանդի խնդրանքը։