Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դելե Ալին, որն այժմ հանդես է գալիս «Կոմոյում», իր նորամուտն է նշել Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում (1:2):
Հիշեցնենք, որ վերջին անգամ ֆուտբոլիստը «Բեշիքթաշի» կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2023 թվականի փետրվարի 26-ին:
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը 735-օրյա ընդմիջումից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս բերել անգլիացուն։ Ֆուտբոլիստը 81-րդ րոպեին մտել է փոխարինման, սակայն 10 րոպե անց նա զգուշացում է ստացել Ռուբեն Լոֆտուս-Չիկի նկատմամբ խախտման համար։ VAR-ը վերանայելուց հետո մրցավարը դեղին քարտը փոխել է կարմիր քարտով և հեռացրել անգլիացուն:
Նշենք, որ Դելե Ալին պրոֆեսիոնալ ֆուտբոլ է վերադարձել 2024 թվականի դեկտեմբերին, երբ նրան թույլ տվեցին մարզվել իտալական «Կոմոյի» հետ: