Եվրոպայի լիգան «Մանչեսթեր Յունայթեդի»՝ հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունն է: Միևնույն ժամանակ, թիմը պետք է բարելավի իր դիրքերը Պրեմիեր լիգայում։ Ներկայումս այն զբաղեցնում է 14-րդ տեղը: Այս մասին խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։
«Ամեն ինչ կարևոր է։ Պետք է խաղից խաղ գնանք այն զգացողությամբ, որ կարող ենք հաղթել։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ պետք է հանգստանանք, մենք կարող ենք լավ հանդես գալ հաջորդ խաղում, ինչպես արեցինք «Արսենալի» հետ խաղում։
Մենք պետք է խոնարհ լինենք, մոռանանք աղյուսակը և դիմակայենք «Լեսթերին» այնպես, ինչպես «Ռեալ Սոսյեդադի» հետ: Պետք է հաղթել և բարելավել մեր դիրքերը, ինչպես նաև պահպանել հաղթանակի զգացումը»,- լրագրողներին ասել է Ամորիմը: