«Ատլետիկոյի» հարձակվողը կարող է որակազրկվել տասներկու խաղով

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ այն բանից հետո, երբ խաղի ընթացքում վիրավորել է մրցավարին։

Ըստ Marca պարբերականի՝ Լա Լիգայի կանոնակարգի համաձայն՝ մրցավարի, մրցավարների օգնականների, չորրորդ պաշտոնյայի, ղեկավարների կամ մարզական իշխանությունների հասցեին արված վիրավորական արտահայտությունը պատժվում է 4-ից 12 խաղով որակազրկմամբ:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը կարմիր քարտ էր ստացել «Խետաֆեի» դեմ խաղի 87-րդ րոպեին։ Խաղադաշտից հեռացվելիս Կորեան մի շարք անպարկեշտ արտահայտություններ է արել մրցավարի և նրա մոր հասցեին։

Այս խոսքերը հանդիպման հաշվետվության մեջ արձանագրվել են մրցավարական կոմիտեի կողմից։