Ռոբերտ Լևանդովսկու գործակալը անդրադարձել է ֆուտբոլիստի ապագային

Ֆուտբոլային գործակալ Պինի Զահավին տեղեկատվություն է տարածել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության մի քանի ակումբներ։

«Լևանդովսկին կմնա «Բարսայում» հաջորդ մրցաշրջանում։ Սա 100%-ով պարզ է։ Նա երջանիկ է ակումբում և մտադիր է մինչև վերջ ավարտել իր պայմանագիրը։ Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել Սաուդյան Արաբիայից»,- ֆուտբոլիստի գործակալ Զահավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում դարձել է 34 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։