Պեպ Գվարդիոլան հերքել է, որ իր կարիերայի ամենադժվար շրջանն է ապրում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «քաղաքայինների» ներկայիս խնդիրները նրա պրոֆեսիոնալ կարիերայի ամենադժվար մարտահրավերն են։

Պրեմիեր Լիգայի 26 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլից» զիջելով 20 միավորով։

«Ոչ. Մենք նախկինում անցել ենք դրա միջով։ Ինը տարի անց մենք չունենք նույն թիմը, որով սկսել ենք։ Սա ամենամեծ խնդիրը չէ, ավելի մեծերը կային։ Երբ ես առաջին անգամ սկսեցի կարիերաս, ես և իմ թիմը բազմաթիվ մարտահրավերներ ունեինք, և մենք միասին ապացուցեցինք, որ կարող ենք հաղթահարել դրանք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից։ Նախկինում իսպանացին մարզել է Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»։