Դանի Սեբալյոս․ «Մեր թիմում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) հարցազրույց է տվել։

Էրլինգ Հոլանդի դուբլը չկարողացավ փրկել «Քաղաքացիներին» փլեյ-օֆֆի նախնական փուլի առաջին խաղում տնային պարտությունից: Կիլիան Մբապեն, Բրահիմ Դիասը և Ջուդ Բելինգհեմը գոլի հեղինակ են դարձել «Լոս Բլանկոների» կազմում:

Հյուրերը վերջին երկու գոլերը խփեցին հենց վերջնամասում՝ 86-րդ և 92-րդ րոպեներին։ Խոսելով հանդիպման ելքի մասին՝ Սեբալյոսն առանձնացրել է իր թիմակից Վինիսիուսին, ով երկու գոլային փոխանցում է կատարել։

«Մենք ունենք աշխարհի լավագույն խաղացողին՝ Վինիսիուս Ժունիորին»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։ Հենց բրազիլացի հարձակվողը ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։