Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ՝ երկարաձգելու նրա պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Միաժամանակ, 24-ամյա բրազիլացու ներկայացուցիչները ցանկանում են, որ նոր աշխատավարձը ավելի ճշգրիտ արտացոլի Վինիսիուսի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսի ներկայիս աշխատավարձը «Արքայական» ակումբում կազմում է 15 միլիոն եվրո՝ առանց հարկերի և տարբեր բոնուսներ ստանալուց հետո, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում բրազիլացու հաղթանակի համար։ Հաղորդվում է, որ 24-ամյա հարձակվողի գործակալներն արդեն մերժել են Մադրիդի «Ռեալի» առաջին աշխատավարձի առաջարկը նոր պայմանագրի համար։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 293 հանդիպման՝ դառնալով 101 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։