Իտալական ակումբի սեփականատերերը փորձում են համոզել Կառլո Անչելոտտիին գլխավորել իրենց թիմը

«Ռոմայի» սեփականատերերը՝ Ֆրիդկինների ընտանիքը, փորձում են անձամբ համոզել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, որ ստանձնի «գայլերի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի ղեկավարները կարծում են, որ Անչելոտտիից լավ ոչ ոք չի կարող գլուխ հանել «Ռոմային» եվրոպական էլիտա մտցնելու հարցում։

«Ռոմայում» գիտեն, որ իրենց համար դժվար կլինի Անչելոտտիին թիմ հրավիրելը, քանի որ նա լիովին հավատարիմ է մնում «Ռեալին» և ցանկանում է հնարավորինս երկարացնել իր ցիկլը իսպանական գրանդում։ Չնայած 65-ամյա մասնագետի հետ կապ հաստատելուն, «Ռոման» հասկանում է, որ նա կարող է ակումբ գալ միայն այն դեպքում, եթե լոսբլանկոսները վաղաժամ խզեն պայմանագիրը նրա հետ։