«Բարսելոնան» որոշում է կայացրել Հանս-Դիտեր Ֆլիկի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա հունիսին երկարաձգել աշխատանքային պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Գերմանացի մասնագետի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականի ամառ։

Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» ճամբարը նպատակահարմար չի համարում մրցաշրջանի ընթացքում զբաղվել Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ «Բարսելոնան» բարձր է գնահատում 59-ամյա մասնագետի կատարած աշխատանքը։ Կատալոնական ակումբը ցանկանում է, որ Ֆլիկը սկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, երբ պայմանագիրն արդեն երկարաձգված կլինի։

Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցած ամառ։ Հունվարի 12-ին նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Լա Լիգայի 19 տուրից հետո կատալոնական ակումբը երրորդ տեղում է։