Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 34-ամյա աջ պաշտպան Կայլ Ուոքերին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղում (2:5) կրած ջախջախիչ պարտությունից հետո «սերուցքայիններն» էլ ավելի են համոզվել պաշտպանական գիծը, հատկապես՝ աջ եզրն ուժեղացնելու անհրաժեշտության մեջ։
Ընդգծվում է, որ Ուոքերի հետ տարբերակը նույնպես սկսել է դիտարկվել այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» հասկացավ, որ ձմռանը չի կարողանա ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։