«Յուվենտուսը» վարձակալության պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին թուրինյան ակումբ է տեղափոխվել վեց ամսով վարձավճարով՝ առանց գնման տարբերակի։ Կոլո Մուանին այս շաբաթ կմեկնի Թուրին՝ բուժզննում անցնելու։
Այս մրցաշրջանում Կոլո Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին փարիզյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։