«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ մեկնաբանել է Կայլ Ուոքերի հնարավոր հեռանալը ակումբից։
34-ամյա պաշտպանը մտածում է հեռանալու մասին, ինչի մասին վերջերս հայտարարել էր հենց իսպանացի մարզիչը։ «Միլանը» արդեն հայացքն ուղղել է դեպի անգլիացին:
«Անհավանական ֆուտբոլիստ՝ անհավանական ֆիզիկական պատրաստվածությամբ։ Նա անկասելի է, երբ կենտրոնացած է։ Եթե նա պահպանի մարզավիճակը և կարողանա մտածել ֆուտբոլի մասին, ապա նրան բարձր մակարդակով ևս մեկ, երկու, երեք, չորս տարի է սպասվում:
Ես երբեք չեմ տեսել նման ֆիզիկական հատկանիշներով ֆուտբոլիստ իմ կարիերայում։ Կարծում եմ, ես հասկացրել եմ, որ եթե Կայլը ցանկանում է, որ ակումբը քննարկի իր համար առաջարկներ, ապա ակումբը կքննարկի դրանք: Դա իմ որոշելիքը չէ, այլ նրա։ Ցավում եմ, բայց դա իմ որոշումը չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։