«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան անցյալ ամառ ՊՍԺ-ին հայտնել էր ֆրանսիական գրանդին միանալու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի, վրացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ին ասել է նաև, որ անձնական պայմանագրի պայմանները խնդիր չեն լինի։ Փարիզյան ակումբը սկսել է հետաքրքրվել Կվարացխելիայի նկատմամբ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից հետո։
Նշվում է, որ այս պահին 23-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ «Նապոլիի» հետ ուղիղ բանակցություններ է վարում միայն ՊՍԺ-ն։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։