Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու ժամանակակից ֆուտբոլային բժիշկից պահանջվող հիմնական հմտությունները: Ծրագիրն ընթանում է համակցված ուսուցման մեթոդով՝ զուգակցելով սեմինարները, որտեղ բժիշկները սովորում և կիրառում են տեխնիկան, առցանց էլեկտրոնային ուսուցման աջակցության հարթակի հետ, որը պարունակում է ուսուցողական տեսանյութեր, մասնակիցների գիտելիքների թեստեր և գործընթացի ուղեցույցներ:
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրի (FDEP) շրջանակում Հայաստան կժամանեն ՈՒԵՖԱ բժշկական կոմիտեի և բժշկական ծառայության ներկայացուցիչները, տարբեր եվրոպական հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և սպորտային բժշկության մասնագետներ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ հանդիսացող բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների երկուական մասնակիցներ: Առաջին անգամ կինեզիստներին նույնպես հնարավորություն է տրվելու մասնակցել և ձեռք բերել գործնական հմտություններ։
Այս ծավալի նեղ մասնագիտական բժշկական համաեվրոպական կրթական միջոցառում Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ։