Նանին հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Պորտուգալացի վինգեր Նանին 38 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նրա վերջին թիմը Ամադորի «Էստրելան» էր։

«Եկել է հրաժեշտի ժամանակը, ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Դա զարմանալի ճանապարհորդություն էր, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մարդու, ով օգնել է ինձ և աջակցել ինձ ավելի քան 20 տարի տևած կարիերայի վերելքների և վայրէջքների ընթացքում։ Նորից սկսելու և նոր նպատակների ու երազանքների վրա կենտրոնանալու ժամանակն է։ Կհանդիպենք շուտով», – գրել է ֆուտբոլիստն իր սոցցանցերում։

Իր կարիերայի տարբեր ժամանակահատվածներում Նանին հանդես է եկել «Սպորտինգ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ֆեներբախչե», «Վալենսիա», «Լացիո», «Ադանա Դեմիրսպոր» և այլ թիմերում։ Նա «կարմիր սատանաների» հետ չորս անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների Լիգան։

Կիսապաշտպանը Պորտուգալիայի հավաքականում հանդես է եկել 2006-ից 2017 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 112 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի հեղինակ։ 2016 թվականին ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի չեմպիոն։