Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արտակ Գրիգորյանը հայտարարել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
«Սիրելի՛ երկրպագուներ,
Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։
Ինչպես արդեն գիտեք, որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ։ Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը։
Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգաին հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս։
Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում։
Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը:
Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ։ Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը։
Կհանդիպենք», – գրել է Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջերում
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և 496 հանդիպում՝ ակումբային կարիերայում։
Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում 3-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ։
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած հանդիպումների թվով։