Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0:2) խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղի մասին, ով խաղի ընթացքում վրիպեց 11 մետրանոցից։
«Արդյունքն արդարացի է։ «Լիվերպուլն» արժանի էր հաղթանակի, նրանք լավ ընթացքի մեջ են, մարզավիճակում և ինտենսիվ ֆուտբոլ են ցուցադրում։ Մենք դիմադրեցինք առաջին խաղակեսին, բայց հետո սխալ որոշումներ կայացրինք վերջին փոխանցումներում։ Պայքարեցինք մինչև 11 մետրանոցը։ Ես գոհ եմ, որ թիմը մրցունակ էր։
Ինչ վերաբերում է Մբապպեին, ապա հարձակվողներն ունենում են ժամանակներ, երբ դժվարանում են գոլ խփել և մի փոքր հիասթափվում են։ Միգուցե նա վստահության պակաս ունի։ Եվ երբ ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվում, երբեմն պարզապես պետք է խաղալ և չբարդացնել այն։ Նա իր կարիերայի ընթացքում բազմաթիվ 11 մետրանոցներ է իրացրել։ Երբեմն նա կարող է չխփել այն։
Այստեղ լավագույն դեղամիջոցը համբերատար լինելն է, քանի որ 11 մետրանոց բաց թողնելը նրա համար դժվար պահ է։ Բոլորը պետք է աջակցեն նրան։ Նա քրտնաջան աշխատում է և լավ է հարմարվել։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի որ Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։