Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթը չի բացառում, որ կարող է ընդհանրապես թողնել ֆուտբոլն ու իր գործունեությունը ծավալել այլ ոլորտներում։
Սաութգեյթը լքել էր Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնը Եվրոպայի վերջին առաջնությունից հետո, որում բրիտանացիները եզրափակիչում պարտվեցին իսպանացիներին։
Դա նրանց երկրորդ անընդմեջ պարտությունն էր մայրցամաքի ամենահեղինակավոր միջազգային մրցաշարի եզրափակչում այն բանից հետո, երբ Անգլիան 2021 թվականին պարտվեց իտալացիներին։
«Ես պատասխանատվության և հպարտության անհավանական զգացում էի զգում, երբ խաղերից առաջ հնչում էր Անգլիայի օրհներգը:
Դա իսկապես անսովոր շրջան էր իմ կյանքում, և ինձ համար դժվար կլինի կրկնել այն ֆուտբոլում։ Իսկապես դժվար էր։
Որովհետև դժվար է պատկերացնել ավելի պատասխանատու դեր ֆուտբոլում: Այս պատճառով է, որ մտածում եմ նվիրվել այլ բանի, որտեղ, հնարավոր է, ես նույնպես կարողանամ ինչ-որ նշանակալի բանի հասնել»,- գրել է Սաութգեյթը սոցցանցերում։