«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը շուտով աշխատանքի կանցնի։
Պորտուգալացի մասնագետի նշանակման մասին հայտարարվել է նոյեմբերի սկզբին, իսկ Նոյեմբերի 11-ին ուժի մեջ է մտել նրա պայմանագիրն անգլիական գրանդի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, Ամորիմը երկուշաբթի օրը պետք է անցկացնի իր առաջին մարզումը «Մանչեսթեր Յունայթեդում», սպասվում է, որ մինչ այս պահը 39-ամյա մարզիչն արդեն վիզա կստանա։ «Կարմիր սատանաների» առաջին հանդիպումը նոր մարզչի գլխավորությամբ կկայանա նոյեմբերի 24-ին Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ մրցակիցը կլինի «Իպսվիչը»։
Հիշեցնենք, որ մինչ Անգլիա տեղափոխվելը Ռուբեն Ամորիմը չորսուկես տարի աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում»։ «Յունայթեդի» ղեկին նա կփոխարինի Էրիկ տեն Հագին, ով պաշտոնանկ արվեց հոկտեմբերի վերջին։