Մյունխենի «Բավարիայի» երկրպագուական ամենամեծ համայնքներից մեկը կոչ է արել բոյկոտել «Շախտյորի» հետ Չեմպիոնների Լիգայի դեկտեմբերյան հանդիպումը, որը կանցկացվի Գելզենկիրխենի «Աուֆ Շալկե» մարզադաշտում, հայտնում է Bulinews.com-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկրպագուներն արդեն չեղարկել են տոմսերի շուրջ 36 հազար հարցում։ Գերմանացի երկրպագուներն ավանդաբար պահանջում են իրենց ակումբներից հնարավորինս ցածր պահել Չեմպիոնների Լիգայի խաղերի տոմսերի գները՝ ցուցադրելով իրենց կոշտ դիրքորոշումը նաև արտագնա խաղերի համատեքստում:
«Մի՛ խաբվեք և բոյկոտեք «Շախտյորի» հետ Չեմպիոնների Լիգայի արտագնա հանդիպումը. Տե՛ր կանգնեք արդար գնագոյացմանը և պայքարեք ընդդեմ տոմսերի թանկացումների»։ – ասվում է «Բավարիայի» երկրպագուների հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-«Բավարիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։